- Uncategorised
- No Comment
Արի´, իմ սոխակ․․․ Հրաժեշտ Դանա Մազալովային
Սեպտեմբերի 11-ին Չեխիայի հայությունը վերջին հրաժեշտը տվեց հայտնի իրավապաշտպան, լրագրող Դանա Մազալո̒վային: Օրեր առաջ Պրահայի հիվանդանոցներից մեկում 66 տարեկան հասակում կյանքից հեռացավ Հայ ժողովրդի եւ Արցախի վաղեմի բարեկամն ու նվիրված ընկերը:
Դանան ծնվել է 1954թ․ նոյեմբերի 18-ին Չեխիայի Սվիտավաչ քաղաքում: Ստանալով իրավաբանական կրթություն Պրահայի Կարոլինյան համալսարանում՝ անցավ ակտիվ լրագրողական գործունեության: Դարձել էր շատ ճանաչված իրավապաշտպան, լրագրող եւ հրապարակախոս․ հիանալի կարիերա էր ստեղծել, արդարության և ճշմարտության ջատագովն էր: Արցախյան պատերազմի ընթացքում նշանակվել էր հաշվետու ադրբեջանա-հայկական կոնֆլիկտի վերաբերյալ: Դանան շատ բան գիտեր այդ ընթացքում տեղի ունեցած ռազմական և նույնիսկ քաղաքական իրադարձությունների մասին եւ բազմիցս հրավիրվել է ասուլիսների՝ իր իմացածը և տեսածը լուսաբանելու , երբեք չի թաքցրել իր կարծիքը եւ ճշմարտությունը պատմել է: Շատ հայտնի դարձավ և մեծ աղմուկ հանեց Դանայի հարցազրույցը Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հետ՝ Արցախյան պատերազմի եւ հատկապես Խոջալուի դեպքերի վերաբերյալ:
Ինչևէ, Դանան պատմում էր ոչ միայն իր տեսածի, այլև իր զգացմունքների եւ ապրումների մասին, իր սերը հայ ժողովրդի ու Արցախի հանդեպ նույնպես ի զորու չէր թաքցնել, խոստովանում էր: Իր տված վերջին հարզազրույցներից մեկում Դանան պատմում է․ «Ես Արցախը սիրում եմ, եւ ուզում եմ նորից տեսնել նոր ու գեղեցիկ Ստեփանակերտը, որը հիշում եմ ավիրված ու քանդված: Մի բան կպատմեմ․ պատերազմի ժամանակ Ղարաբաղի նախկին Կենտկոմի շենքի ներքևում հիվանդանոց կար: Երբ իջա այդ հիվանդանոցը, մի պատանի տեսա այնտեղ պառկած՝ թթվածնի սարքին միացված: Հազիվ էր շնչում, նայեցի նրան ու հասկացա, որ երկար ժամանակ չի մնացել տղային ապրելու, համբուրեցի ճակատը, գիտեի՝ իր կյանքի վերջին համբույրն է կնոջից․․․ Ուրախ եմ, որ այսօր Ստեփանակերտում նման դեպքեր այլևս չեն լինում: Ստեփանակերտը նոր քաղաք է՝ նոր ստեղծված ու անչափ գեղեցիկ: Շատ ուրախ եմ այդ առիթով, եւ ուրախ կլինեմ քաղաքը նորից տեսնել»:
Հրաժեշտի արարողությունը ուղեկցվում էր Լիիթ Պիպոյանի «Արի´, իմ սոխակ» գեղեցիկ, հուզիչ կատարմամբ, որ այնքան սիրում էր լսել Դանան: Նա առհասարակ Լիլիթ Պիպոյանի երգարվեստի երկրպագուն էր, վայելում էր կատարյալ ձայնի հնչողությունը ՝ասելով թե․ «այո, այ այսիսի երաժշտությամբ է զբաղվում Դանա Մազալո̒վան»:
Սա իրոք մեծ կորուստ է մեզ համար: Մենք կորցրինք նվիրված, ազնիվ եւ սիրող ընկերոջ: Հանգչի´ր խաղաղությամբ, մեր լա՜վ բարեկամ:
Cikket írta: Armine Mnatsakanyan (2019-3-HU01-ESC11-077563)
Fotóanyagokat gyűjtötte: Narine Chukhuryan (2019-3-HU01-ESC11-077563)