«Մոռացված աղետ». այսօր 1988-ի երկրաշարժի 30-րդ տարելիցն է

30 տարի առաջ այս օրը՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին, Հայաստանում խոշորագույն աղետ եղավ. տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպե 22,7 վայրկյանին Հայաստանի մոտ 40 տոկոսն ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ:
Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։
Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնացին անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասամբ ավերվեց ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։ 
Երկրաշարժի հենց հաջորդ օրը Մոսկվայից Հայաստան ժամանեց հատուկ հանձնաժողովը՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Նիկոլայ Ռիժկովի ղեկավարությամբ։
Հայաստանին համակողմանի օգնություն ցույց տվեց աշխարհի ավելի քան 113 երկիր և 7 միջազգային  կազմակերպություն։
Տարբեր պետություններ շարունակեցին օգնությունը Հայաստանին նաև հետագա տարիներին։ Իտալացիները և ավստրիացիները մեկական բնակելի թաղամաս կառուցեցին Սպիտակում, նորվեգացիները՝ ժամանակակից հիվանդանոց, անգլիացիները՝ դպրոց և այլն:
1989-2000 թվականներին ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին աղետի գոտու բնակավայրերում շահագործման են հանձնվել 3,5 ﬕլիոն քառակուսի ﬔտր ընդհանուր մակերեսով բնակելի տներ:
Tert.am-ը երկրաշարժի հետևանքների վերացման մասին խոսել է «Շիրակ կենտրոն» ՀԿ ղեկավար Վահան Թումասյանի հետ։ Նա շեշտեց, որ 30 տարի անց առկա է երկու Գյումրի, ասես, երկու քաղաքի է բաժանվել՝ մեկում երկրաշարժի ազդեցություն ու թարմ հիշողություն կա, մյուսը, կարծես թե, թոթափել է աղետի հետևանքները։
«Իրականում սա ավելի ցավալի հետևանք է, քանի որ խորն անջրպետ ունեցող բնակչություն  կա, մեկ քաղաքում 2 համայնք։ 10 հազար մարդ, այսինքն՝ մոտ 2500 ընտանիք ապրում է տնակային ավաններում ու կիսախարխուլ շենքերում և ապրում են իրենց առանձնահատուկ հոգեբանությամբ, որովհետև 30 տարի տնակային հոգեբանություն է ձևավորվել։ Ծայրահեղ աղքատություն կա, ու ստացվել է, որ ծայրահեղ աղքատ խավը նաև տնային ավաններ է գնացել, քանի որ ավելացել են նաև աղքատության պատճառով մարդիկ»,- ասաց նա։
Թումասյանի գնահատմամբ՝ այսօր աղետի հետևանքների վերացումն էլ ավելի բարդացել է, ինչն էլ քաղաքի հոգեբանության վրա ցավալի ազդեցություն է ունեցել։ Նա նշեց, որ եթե այսօր իրեն հարցնեն՝ ավելի ծանր էր հետերկրաշարժյան տարիներին, թե հիմա, կպատասխանի՝  հիմա, որովհետև կա քաղաքից մեկուսացված ու կործանված ճակատագրերով հսկա բազմություն։ Թումասյանը նկատեց, որ ժամանակին մարդիկ հույս ունեին, որ այնուամենայնիվ, աշխատանք ու տուն կունենան, իսկ հիմա շատերը հուսալքված են։
«Խնդրի կարգավորման օպտմիալ տարբերակներից առաջինն իշխանության ցանկություն է, այսինքն՝ իշխանությունը պետք է բաց աչքերով նայի, ոչ թե թվերով ու պատճառաբանություններով խոսի։ Շատ անգամ սկսում են քննարկել՝ ինչ է պատճառը, որ այս ընտանիքն անտուն է և այլն, սակայն սա հավասար է նրան, որ մեկին ծանր վիրավորում են և ոչ թե մտածում, թե ինչպես փրկեն կյանքը, այլ մտածում են, թե վիրավորն ինչ բոյի է՝ 1․78, թե 1․80։ Հիմա 30-ամյակ է, բոլորը խոսում են, կարող է նաև համաշխարհային մամուլն անդրադառնա, բայց մոռացված աղետ է, քանի որ դեկտեմբերի 7-ից հետո բոլորը մոռանում են»,- ընդգծեց Վահան Թումասյանը։
Վերջինս շեշտեց, որ տնակային ավաններում սերունդներ են արդեն ծնվել տնակային հոգեբանությամբ՝ դպրոցից հետո ուսումը չշարունակել, վաղաժամ ամուսնություն, վաղաժամ ամուսնալուծություն, միակողմանի կամ երկկողմանի որբ երեխաներ և այլն։
«Գյումրիում զորակոչից ազատված տղաների մեծ մասը տնակային ավանի ներկայացուցիչներ են։ Մեր սերունդներին շատ ծանր ժառանգություն ենք թողնում: Ամբողջ Հայաստանի աղքատությունը հավաքել ենք մի տեղում, բայց հետո ասում ենք, թե մշակույթի քաղաք է»,- եզրափակեց Կարեն Թումասյանը։

 

Խմբագրված է tert.am-ի հոդվածի հիման վրա։