- Ընդգծված է
- No Comment
Երևանում բացվում է «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսը»
Ինչպես հայտնում է panarmenian.net վեբ կայքը, Հայաստանի Հանրապետության ծննդյան հարյուրամյա տարեդարձի առթիվ Երևանում բացվում է «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես. Հայաստան 2018» (ICAE2018) ցուցադրությունը։ Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 25-ը Հայաստանի մայրաքաղաքի յոթ կարևոր վայրերումկցուցադրվեն ավելի քան յոթանասուն օտարերկրյա նկարիչների գործեր: Միջոցառումը ներառում է նաև աշխատաժողովներ և զրույցներ արվեստի աշխարհի միջազգային մասնագետների հետ:
Ցուցահանդեսը մեկտեղում է ժամանակակից կերպարվեստը, քանդակագործությունը, լուսանկարչությունը, տեսանյութեր, աշխարհահռչակ պատկերասրահներից և հավաքածուներից փոխառված հանրահայտ գործեր, նկարիչների կողմից տեղում պատվերով կատարված գործեր: Հրավիրյալ մի շարք նկարիչներ պրեզենտացիաներ և աշխատաժողովներ կանցկացնեն Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի, Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Ստեղծարար տեխնոլոգիաների Թումո կենտրոնի սաների հետ: Ծրագիրը բաղկացած է երկու տեսակի ցուցահանդեսներից. առաջինը «Ժամանակակից արվեստի ձայնային գծերն» են, երկրորդը՝ «Ժամանակակից արվեստի ազատ ձայները»:
Համադրողն ասել է, որ սովորել է Հայաստանում շատ բան, այդ թվում՝ «լռության արժեքը»: Նրա խոսքով՝ հայերն ամենուր են, և հայ արվեստագետները մեծ ազդեցություն ունեն միջազգային արվեստի վրա, նրանք ստեղծագործում են, բայց անում են դա «յուրահատուկ համեստությամբ, նրանք չեն գոռում, նրանք անում են դա լուռ»:
Մարինա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում առաջին անգամ չէ, որ կազմակերպվում է նման միջոցառում, սակայն այս մեկը բացառիկ է իր մասշտաբով:
«Հուսով ենք, որ այս ցուցահանդեսը շարժառիթ կհանդիսանա առավել ակտիվ դուրս գալու միջազգային հարթակ»,- նշել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ցուցադրությունը նաև հնարավորություն է տալիս տարբեր սերունդների արվեստագետներին հանդես գալու միևնույն հարթակում:
Ցուցադրության համատեքստում տեղի կունենան բազմաթիվ հարակից միջոցառումներ ուքննարկումներ՝ ոլորտի հեղինակավոր այնպիսի մասնագետների հետ, ինչպիսիք են՝ քննադատները, նկարիչները, պատկերասրահների սեփականատերերը և հավաքորդները՝ ի լրումն լոգիստիկ և ապահովագրական մասնագետների, ովքեր կյանք են տալիս հարուստ մշակութային ծրագրին:
Ցուցահանդեսի կազմակերպիչը Shaula International ՍՊԸ-ն է: Միջոցառումը հովանավորում են Կանադայի կառավարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը, Իտալիայի մշակութային ժառանգության և միջոցառումների նախարարությունը, ծրագրի մշակութային գովազդն իրականացվում է Իտալիայի արտաքին գործերի նախարարության Vivere all’Italiana նախաձեռնության և Հայաստանում Իտալիայի դեսպանության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայկական զբոսաշրջային գործակալության, Հայաստանում ԵՄ պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) աջակցությամբ: