- Ընդգծված է
- No Comment
Համաշխարհային պետական գործչի 2018թ. մրցանակը կշնորհվի ՀՀ նախագահին
Ինչպես հայտնում է panarmenian.net-ը, ԱՄՆ Արևելք-Արևմուտք ինստիտուտի համահիմնադիր, ամերիկացի դիվանագետ Ջոն Էդվին Մրոզի անունը կրող Համաշխարհային պետական գործչի 2018թ. մրցանակը կշնորհվի Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
ՀՀ նախագահը հոկտեմբերի 3-ին Նյու Յորքումկմասնակցի Արևելք-Արևմուտք ինստիտուտի ամենամյա Գալա մրցանակաբաշխությանը:
Նախկինում ինստիտուտի տարեկան մրցանակին արժանացել են ԱՄՆ 41-րդ նախագահ Ջորջ Բուշը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը, Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Ֆինլանդիայի նախկին նախագահ, 2008 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին և այլք, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:
Արևելք-Արևմուտք ինստիտուտը հիմնադրվել է 1980 թվականին: Այն միջազգային հեղինակավոր կառույց է, որը հանդես է գալիս տարբեր նախաձեռնություններով, մասնավորապես կիբերանվտանգության, կանխարգելիչ դիվանագիտության, տնտեսական և տարածաշրջանային անվտանգության ոլորտներում:
Տարբեր տարիներին ինստիտուտի պատվավոր նախագահներ և տնօրեններ են եղել քաղաքական, գործարար, գիտական աշխարհի այնպիսի ճանաչված ներկայացուցիչներ, ինչպիսիք են Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխկանցլեր և արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը, «ՊեպսիԿո» ընկերության հիմնադիրի Դոնալդ Քենդալը և շատ ուրիշներ: