2018թ․ կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Հայաստանում

Նոյեմբերի 26-ին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվեց Երեւանում 2018թ. կայանալիք գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրեց կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթաժողովի խորհրդանիշը, կարգախոսը եւ քննարկումների հիմնական թեմաները։ Հայաստանի առաջարկությամբ որոշվեց Ֆրանկոֆոնիայի Երեւանի գագաթաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետեւյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։ «Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հաստատեց որպես Երեւանյան գագաթաժողովի կարգախոս։ Նախարարական համաժողովի մասնակիցները դիտեցին Հայաստանի մասին այցեքարտ-ֆիլմ՝ Գագաթաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների եւ կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ։ Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն տվեց Երեւանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի բոլոր առաջարկություններին:

 

 

Խմբագրված է news.am-ի հոդվածի հիման վրա։