- Ընդգծված է
- No Comment
Գրիգոր Շլդյան
Գրիգոր Շլդյանը ծնվել է 1900 թվականին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով), հաջողակ հայ իրավաբանի ընտանիքում։ 15 տարեկանից աչքի է ընկել գեղանկարչական գործերով: 1919 թ-ին մեկնել է Կոստանդնուպոլիս, ապա՝ Վիեննա. հաճախել է տեղի գեղարվեստի ակադեմիան: 1923–27 թթ-ին բնակվել է Իտալիայում, 1927–32 թթ-ին՝ Փարիզում. եղել է «Անի» խմբակցության և «Հայ ազատ արվեստագետների միության» անդամ, մասնակցել ցուցահանդեսների: 1933 թ-ին վերադարձել է Իտալիա: Նկարիչը, հավատարիմ մնալով դասական արվեստի (հատկապես՝ իտալացի նկարիչ Կառավաջոյի) սկզբունքներին, դրանք ինքնատիպ վարպետությամբ է կիրառել ժամանակի գեղարվեստական խնդիրների լուծման համար:
Շլդյանն ստեղծել է ժամանակակից և դիցաբանական թեմաներով կոմպոզիցիոն հորինվածքներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ: Նշանավոր են «Բաքոսը պանդոկում» (1936 թ.), «Թափառաշրջիկներ» (1942 թ.), «Պատմության մի էջ» (1942 թ.), «Ֆիլատելիստը» (1947 թ.), «Գողերի դպրոցը» (1954–55 թթ.), «Երկու տարիք» (1957 թ.), «Գրքասերը» (1957 թ.), «Մոդեռնիստների դպրոցը» (1958 թ.) և այլ գործեր: Նրա արվեստին բնորոշ են ձևերի պարզությունը, լուսաստվերի մեղմ բաշխումը մարմինների և առարկաների վրա, հոգեվիճակների նուրբ մեկնաբանումը:
Շլդյանը հայտնի է նաև որպես բեմանկարիչ. ձևավորել է Իգոր Ստրավինսկու «Մավր», Սերգեյ Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն» («Լա Սկալա», Միլան), Կարլ Վեբերի «Աբու-Հասան», Գաետանո Դոնիցետտի «Զանգակ», Ֆրանց Շուբերտի «Դավադիրները կամ Ընտանեկան պատերազմ» («Պիկկոլա Սկալա», Միլան), Անրի դե Մոնտերլանայի «Իսպանական կարդինալ» (Կոնվենյո, Միլան) օպերաների բեմադրությունները, նկարազարդել Լև Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը (120 պատկերազարդ թերթեր, ջրաներկ) և այլ գրքեր: Շլդյանի գործերում բովանդակությունն ու ձևը ներդաշնակ են ողջ հորինվածքին, որտեղ կարևորագույն գործոնը գույնն է:
1958 թ-ին նկարիչն առաջին անգամ այցելել է Հայաստան. Էջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել է «Հայկական Աստվածամայրը» նկարը: Շլդյանը գրել է բազմաթիվ տեսական աշխատություններ, որոնցից առավել արժեքավոր է 1976 թ-ին Հռոմում իտալերեն հրատարակված «Գեղանկարչության տրակտատը»:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գրիգոր Շլդյանը կնոջ հետ բնակություն է հաստատում Գարդա լճի մերձակայքում և վերադառնում է Միլան միայն 1947 թվականին։ Շլդյանը մահացել է 1985 թվականին Հռոմում։
Շլդյանն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում, Փարիզում, Մոսկվայում, գործերից ցուցադրվել են Բրյուսելում, Լոնդոնում, Նյու Յորքում և այլ քաղաքներում: Նրա աշխատանքները պահվում են Հռոմի, Վատիկանի, Վենետիկի, Միլանի, Ֆլորենցիայի, Փարիզի, Բրյուսելի թանգարաններում և Հայաստանի ազգային պատկերասրահում