- Ընդգծված է
- No Comment
«Բա՛րև Սարոյան»
Փետրվարի 3-ին Աշոտ Նավասարդյանի անվան №196 դպրոցի «Գրքաբաց» ընթերցասրահում մեկնարկեց «Բա՛րև Սարոյան» նախագիծը: Նախագիծը նվիրված է ամերիկահայ գրողի 110 ամյակին: Այն գործելու է երեք ամիս և նպատակ ունի աշակերտների համար եռամսյա ընթերցանության և թատերական ներկայացումների շարք կազմակերպել:
Վիլյամ Սարոյանը ծնվել է Ֆրեզնոյում 1908 թվականի օգոստոսի 31ին,Բիթլիսից գաղթած հայ ընտանիքում։ Գրողի ձևավորման մեջ մեծ դեր է խաղացել ինքնակրթությունը, ամերիկյան ու համաշխարհային գրականության ընթերցումը, հարազատ ժողովրդի հոգևոր մշակույթի, ավանդույթների, պատմության տարրերի ժառանգումը, հայկական շրջապատի ազգային ինքնատիպությունը։Առաջին անգամ իր ստեղծագործությունը տպագրել է 1933 թվականին Բոստոնի «Հայրենիք»շաբաթաթերթում՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Լայն ճանաչում է ձեռք բերել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» (1934) առաջին գրքով, որի առթիվ ամերիկյան քննադատ Բ. Ռասկոն գրել է. «Ի՞նչն է հատկանաշական Սարոյանի համար որպես գրողի։ Սարոյանը բուռն է, պոռթկուն և խելացի, նա թախծոտ է, քնքուշ ու մարդկային, նա միամիտ է ձևանում, սակայն բնավ միամիտ չէ…: Նա ատում է դաժանությունն իր բոլոր դրսևորումներով, նա հարգում է մարդկային արժանապատվությունն ու հպարտությունը»։ 1939 թվականին Վիլյամ Սարոյանը վեց օրվա ընթացքում գրում է «Քո կյանքի ժամերը»: Այս ստեղծագործության շնորհիվ գրողն արժանացավ Պուլիցերի և նյույորքյան քննադատների հեղինակավոր գրական մրցանակներին։ 1940 թվականին Սարոյանը հրաժարվում է առաջին մրցանակից՝ հայտարարելով, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»:
Գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է մի քանի հարյուր պատմվածք, որոնց մեծ մասն ամփոփվել է տասից ավելի ժողովածուներում։ Սարոյանը հատկապես կարճ պատմվածքի, նորավեպի ժանրում ներմուծել է տեղի ու ժամանակի իրողության հետ սերտորեն կապված սոցիալական-հոգեբանական թարմ թեմատիկա, արդիական հնչողություն ունեցող մարդասիրական բարոյական մոտիվներ, պատումի նոր ձևեր, քնարականությամբ ու հումորով լի հնչերանգներ, բնականություն և ճշմարտացիություն, պատկերների ու կերպարների գունագեղություն։ Սարոյանի գրական շատ կերպարներ ներկայացնում են հայկական միջավայրը՝ ազգային ավանդույթներով ու բարքերով։ Հայրենիքի մոտիվը, ինչպես և նրա դարավոր ավանդույթները պահպանող մարդկանց կերպարները հակադրվում են ապրելակերպի համահարթեցնող չափանիշներին։ Իրականության հետ նույնպիսի հարաբերության մեջ են «տարօրինակ» ու ձախորդ մարդկանց սարոյանական կերպարները ու հատկապես մանուկների և պատանիների տպավորիչ կերպարները։ Դրանք համաշխարհային գրականության մեջ մտել են որպես հոգու մաքրության խորհրդանշան։ Իրականության և երազանքի հակադրության, անհատի ներքին ազատության և հոգևոր գեղեցկության, սիրո և բարու հաստատման մոտիվներն են մարմնավորված Սարոյանի արձակում, որոնք հետաքրքրական լուծում են ստացել նաև նրա դրամաներում («Իմ սիրտը լեռներում է»), «Կյանքիդ ժամանակը», «Քարանձավի մարդիկ», «Հե՜յ, ո՞վ կա այդտեղ», «Կոտորածն մանկանց», «Խաղողի այգին» պիեսները։