- Ընդգծված է
- No Comment
մեկ օր Գերգյոսենտմիկլոշում
Հայկական դիասպորայի առաջին փառատոնը շարունակում է իր հաղթական ընթացքը, այս անգամ հասնելով Ռումինիայի Գերգյոսենտմիկոշ քաղաք, որը եղել է հայերի առաջին բնակավայրերից մեկը Եվրոպայում,քաղաք, որի պատմության մեջ հայերը մեծ դերակատարում են ունեցել:
Հունգարիայի և Ռումինիայի հայ համայնքները նշեցին հայերի Տրանսիլվանիյում բնակվելու 380 ամյակը:Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 8-ին Գերգյոսենտմիկլոշում գործող Հայ Կաթոլիկ եկեղեցում տեղի ունեցավ Հունգարիայի հայ համայնքի կողմից եկեղեցուն նվիրաբերած խաչքարի օծման և բացման արարողությունը, որին ներկա էին Լոռու մարզի մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, Ռումինիայի խորհրդարանի անդամ Վարուժան Ոսկանյանը, Հայաստան-Հունգարիա բարեկամության ընկերության նախագահ Անահիտ Սիմոնյանը և մի շարք այլ կարևոր անձինք Հայաստանից, Ռումինիայից և Հունգարիայից: Հայաստանի դեսպանը շնորհակալություն հայտնեց Հունգարիայի հայ համայնքին և իր խոսքում նշեց, որ նմանօրինակ միջոցառումները շատ կարևոր են հայերի կյանքը և պատմությունը ներկայացնելու համար եվրոպացիներին իսկ Հունգարիայի Հայ մշակութային կենտրոնի տնօրեն Ալեքս Ավանեսյանը նշեց, որ համագործակցությունը հայերի գոյատևման և պահպանման միակ գրավականներից մեկն է:
Ապա քաղաքի հրապարակում «Ուրարտու» թատերախումբը ներկայացրեց «Ազնավուր» մյուզիքլը, որի բեմադրիչ հայազգի Արտին Դիրամերյանին հաջողվեց ներկաներին հասանելի ձևով մատուցել հանրաճանաչ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքի ամենակարևոր դրվագները և երգերը: Իսկ արդեն հաջորդ օրը սեպտեմբերի 9-ին ներկայացվեց «Մուսա լեռ» մյուզիքլը, որը պատմեց հայերի դեմ կատարված ոճրագործություններն ու բարբարոսությունները, պատմեց հայերի անկոտրուն ոգու և կամքի ուժի մասին:
Վստահ կարող ենք ասել, որ հանդիսատեսին դուր եկան ներկայացումները. չդադարող ծափերն ու արցունքները դրա խոսուն վկաներն են։ Հիշեցնենք՝հայկական դիսապորայի առաջին փառատոնը շարունակում է իր միջոցառումների շարքը Բուդապեշտում և Դեբրեցենում: Սիրով սպասում ենք բոլորիդ, բաց մի թողեք առաջին փառատոնի առաջին մասնակիցներից մեկը լինելու հնարավորությունը: