Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար «Խոստումը» ֆիլմի ցուցադրություն է կազմակերպվել

f59a3e1100d6fa 59a3e1100d739.thumb

 

 

 

 

Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը  Համայնքային խորհրդի օժանդակությամբ Կալիֆորնիայի համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղում  կազմակերպել է «Խոստումը» ֆիլմի ցուցադրությունը՝ նախատեսված Լոս Անջելեսում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների համար: 

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ցուցադրությանը ներկա են եղել բազմաթիվ դիվանագետներ, մարդու իրավունքների հարցերով զբաղվող միջազգային կառույցների անդամներ, գիտնականներ, դասախոսներ և Կալիֆորնիայի համալսարանում հիմնադրված The Promise ինստիտուտի ներկայացուցիչներ:

Հյուպատոս Արմելլա Շաքարյանը նշել է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում Հայաստանի և Սփյուռքի միացյալ ջանքերի շնորհիվ արձանագրվել  է  նշանակալից առաջընթաց, որի մեջ իր հաստատուն ներդրումն ունի նաև ամերիկահայ համայնքը: Արմելլա Շաքարյանը նաև ներկայացրել է Հայաստանի Հանրապետության հետևողական ջանքերը նոր ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:

The Promise ինստիտուտի տնօրեն Ասլի Բալին իր խոսքում նշել է, որ իրենց ինստիտուտի նպատակն է կյանքի կոչել «Խոստումը» ֆիլմի տեսլականը՝ պատրաստել մարդու իրավունքներով զբաղվող իրավաբանների սերունդներ, որոնք հետամուտ կլինեն արդարադատությանն ու պատասխանատվությանը:

Ոջունելով ֆիլմը ցուցադրելու նախաձեռնությունը՝ Կալիֆորնիայի համալսարանի ներկայացուցիչ Քաիթ Փարքերն ասել է, որ ինքը հպարտ է Կալիֆորնիայի համալսարանում ֆիլմի ցուցադրմամբ այսպիսի հրաշալի հնարավորությամբ, որը թույլ է տալիս ֆիլմի միջոցով տեսնել ու զգալ, թե ինչ է պատահում, երբ մարդը երես է թեքում մարդուց, հասկանալ, որ հնարավոր չէ անվերջ անտեսել պատմությունը:

Խոստումը ֆիլմի ցուցադրության նախաձեռնությունն իր ելույթում ողջունել է նաև «Խոստումը» ֆիլմի ստեղծագործական թիմի անդամ, պրոդյուսեր Կառլա Կարապետյանը: