Ամերիկահայերը դատապարտել են Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը

us

 

 

 

 

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հայտարարությունը՝ այն «բացարաձակապես անընդունելի» եւ «ձախողման դատապարտված» համարելով:

Հոգլանդի ներկայացրած Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 6 կետերը կոչ էին անում Լեռնային Ղարաբաղի շուրջ «օկուպացված տարածքները» վերադարձնել Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Վարչակազմը ներկայացնում է Արցախի ոչնչացման եւս մեկ անխոհեմ բաղադրատոմս՝ հավանաբար ակնկալելով, թե մենք չենք հասկանում Հայաստանի պատմությունը, թե մեզ Արցախի հետ 100-տոկոսանոց համերաշխությունը չի բավականացնի, եւ որ մեր աշխարհաքաղաքական շահերում ոչ մի իմաստ չկա: Մի խոսքով՝  մենք տխմարներ ենք: Բացարձակապես անընդունելի է եւ ձախողման է դատապարտված»,- Armenian Weekly-ի հետ զրույցում հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Համբարյանի խոսքով՝ հայտարարությունը խրախուսում է «ավելի ագրեսիվ դարձող Ադրբեջանին» եւ Արցախի համար վտանգներ է ստեղծում: «Ցավոք, ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Էնդրյու Շոֆերին իրավասություններ տրամադրելու փոխարեն, վարչակազմը սկզբից եւեթ նրան ծանր վիճակում է դրել՝ ներկայացնելով խեղաթյուրված եւ կեղծ շրջանակներ, որոնք հակասում են ամերիկյան արժեքներին եւ խափանում են ԱՄՆ ազգային շահերը ամուր խաղաղության եւ ժողովրդավարության հաստատման գործում»,- հավելել է նա: