- Ընդգծված է
- No Comment
Ծախսելով հսկայական միջոցներ՝ Ադրբեջանը նպատակ ունի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով. Արտակ Զաքարյան
1994թ. կնքված հրադադարից հետո ադրբեջանական կողմը հետեւողականորեն վարել է ագրեսիվ քաղաքականություն՝ հետապնդելով մեկ նպատակ՝ վերադարձնել հսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով խորհրդաժողովին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արտակ Զաքարյանը: Նա նշել է, որ 2013թ. սկսած Ադրբեջանը շփման գծում շարունակաբար սրում է իրավիճակը, ինչպես նաեւ Հայաստանի հետ պետական սահմանին:
«Այս խնդրին արձագանքելու համար միջազգային հանրությանն ուղղված հայկական կողմի կոչերը մեծամասամբ անպատասխան են մնացել: Միաժամանակ Ադրբեջանը սպառազինման քաղաքականությունն է շարունակում՝ ընդլայնելով ձեռքբերվող սպառազինության շուկաներն ու տեսականին, ինչը վկայում է, որ ծախսելով հսկայական միջոցներ սպառազինության վրա, նպատակ ունի հակամարտությունը լուծել ռազմական ճանապարհով»,-ասել է նա:
Արտակ Զաքարյանի խոսքով, Հայաստանը որդեգրել է առաջնագծում հակառակորդի նախահարձակ ակտիվության սաստման եւ լայնածավալ ռազմական գործողությունների զսպման երկճյուղ միջոցառումներ. «Բանակցային գործընթացքում լուրջ ճեղքում չլինելու դեպքում պետք է համակերպվել այն մտքի հետ, որ առաջնագծում բախումներ են, դրանց էսկալյացիաները կրելու են շարունակական բնույթ: Այս ամենին դիմագրավելու համար մենք որդեգրել ենք առաջնագծում իրականացվող մարտական հերթապահության պահպանության եւ պաշտպանության իրականացման միջոցառումներ»: