- Ընդգծված է
- No Comment
Լեգենդ, որը կյանքեր է փրկել միայն մեկ ձեռքով. թուրքական պարբերականն անդրադարձել է ստամբուլահայ հայտնի բժիշկ Հակոբ Կոթողյանին
Թուրքական «Սյոզջու» պարբերականն անդրադարձել է ստամբուլահայ հայտնի բժիշկ Հակոբ Կոթողյանին, որը Թուրքիայում հայտնի է «Անթև Հակոբ» անվամբ:Պարբերականի սյունակագիրներից Ուղուր Դյունդարը Կոթողյանին անվանել է «իսկական լեգենդ» և թուրք ընթերցողին ներկայացրել նրա կյանքի պատմությունը:Արևմտյան Հայաստանի գավառներից 1938թ.-ին Ստամբուլ գաղթած հայ ընտանիքի զավակ Հակոբը ծնվել է Ստամբուլի հայաշատ Սամաթիա թաղամասում՝ Ջերահփաշա հիվանդանոցում:
Գյուղից Ստամբուլ տեղափոխված աղքատիկ ընտանիքի տղան ստիպված է եղել մանուկ հասակից աշխատել և տեղավորվել է հայ արծաթագործների խանութներից մեկում: Հենց ծանր աշխատանքի ընթացքում է, որ սարսափելի միջադեպի ժամանակ Հակոբը կորցրել է ձեռքը:
Վերակենդանացման բաժնում հայտնված «Անթև Հակոբի» ընտանիքին բժիշկները հույս ներշնչել չեն շտապել, ասել են՝ կմեռնի:
Սակայն այդ օրը Հակոբ Կոթողյանը կարծես վերածնվել է՝ կրկին Սամաթիայի Ջերահփաշա հիվանդանոցում:Հաշմանդամության պատճառով հասակակիցների խղճահարությամբ լի հայացքներից խուսափելու համար մեկ տարի շարունակ դպրոց գնալ չցանկացած Հակոբն ավելի ուշ հասկացել է, որ լավ մասնագիտություն ձեռք բերելու միակ ուղին սովորելն է:
1957թ.-ին Ստամբուլի համալսարանի բժշկության ֆակուլտետ ընդունված Հակոբն ավելի ուշ աշխատանքի է անցել նույն Ջերահփաշա հիվանդանոցում:
«Այստեղ երկու անգամ փրկել են ինձ: Հիմա փրկելու հերթն իմն է», – ասել է հայազգի բժիշկը, ում անունը հայտնի է ոչ միայն Թուրքիայում, այլև դրա սահմաններից դուրս:
Բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ, միջազգային կոնֆերանսների մասնակից, պրոֆեսոր, դասախոս և վաստակավոր բժիշկ Հակոբ Կոթողյանը բազմաթիվ կյանքեր է փրկել միայն մեկ՝ ձախ ձեռքով: