- Hírek
- No Comment
Հայկական “Լավ Էլի” ալտերնատիվ ֆոլկ-ռոք խումբը ելույթ ունեցավ Բուդապեշտում

Մայիսի 24–ին, ժամը 17:00-ին, Բուդապեշտի Էրժեբետ հրապարակում ելույթ ունեցավ Հայաստանից հրավիրված «Լավ Էլի» ալտերնատիվ ֆոլկ ռոք խումբը։ Ելույթը տեղի ունեցավ «Հայ-կորեական օրերի» շրջանակում՝ Հունգարիայի երկու ազգային փոքրամասնություններին նվիրված փառատոնի եզրափակիչ օրը։ Բազմազգ հանդիսատեսը ոգևորությամբ ընդունեց խմբին, որն, իր հերթին, երգերից յուրաքանչյուրը նվիրեց համերգին ներկա տարբեր ազգերին։
Ելույթից մի քանի օր առաջ Հայկական մշակույթի կենտրոնում «Լավ Էլի»-ն հանդիպում էր ունեցել Բուդապեշտի հայ երիտասարդների հետ։ Երեկոն անցել էր հարց ու պատասխանով, երիտասարդների և խմբի անդամների միջև երգերի բառերի քննարկումներով և ակուստիկ կարճ ելույթով։
«Լավ էլի»-ն հայկական ալտերնատիվ ֆոլկ ռոք խումբ է՝ Հայաստանի ամենահայտնի ռոք խմբերից մեկը։ Հիմնադրվել է 1996 թ․–ին` Վանաձորում։ Գրեթե 30 տարվա հարուստ պատմությամբ «Լավ Էլի»–ն համատեղում է արևմտյան ռոքը ինքնատիպ, հայկական հնչողության հետ։ Խմբի ալբոմները դարձել են հայկական անդերգրաունդի անբաժանելի մասը։ «Լավ Էլին» թողարկել է այնպիսի դասական դարձած հիթեր, ինչպիսիք են՝ «Քո աչքերը», «Գտա քեզ երկնքում», «Սկիզբը», ինչպես նաև նոր սիրված երգեր, այդ թվում՝ «Անձրևաշուն», «Արևին, Արևին» և «Մեր հանդիպման օրը»: Խմբի բազմաթիվ երգեր տեղ են գտել ֆիլմերում և հեռուստասերիալներում։
Հիմնադիրներն են Մհեր Մանուկյանը և Գոռ Մխիթարյանը՝ վանաձորյան նախկին «ՍՆԷՔ» (Սիրո Նեոէկզիստենցիալիստական Քրեստոմատիա) խմբի անդամները՝ հրավիրելով վանաձորյան «ԱԼՔ» խմբից Դավիթ Գրիգորյանին (թմբուկ) և Ալեքս Ավետիսյանին (բաս կիթառ/ վոկալ), որին հետագայում փոխարինեց կրկին «ԱԼՔ»-ից Վահե Տերտերյանը։
1997թ․ թողարկվեց «Լավ Էլիի» «Առաջին ԼԱՎ ալբոմը», որն ընդգրում էր 21 երգ՝ 10-ը անգլերեն, 11-ը՝ հայերեն։ 1998-ին թողարկվեց հաջորդ՝ «Էսսեներ» ալբոմը։ Ալբոմները մեծ հաջողություն ունեցան, հեռարձակվեցին հայկական տարբեր ռադիոկայաններով, իսկ մի քանի երգեր տևական ժամանակ տեղ զբաղեցրեցին ռադիոկայանների հիթ շքերթներում։ Խմբի ճանաչվածությունն աճեց համերգների և հեռուստատեսային ելույթների միջոցով։ Այնուամենայնիվ, խումբը դադար առավ 1999-ին, իսկ մասնակիցները զբաղվեցին իրենց անհատական նախագծերով։ Վերամիավորումը տեղի ունեցավ 2004-ին, և «Լավ Էլի»–ն ամերիկյան «Pomegranate Music» ընկերության հետ ձայնագրեց «Notes from Vanadzor: Urban Armenian Rock» ալբոմը, որը բարձր գնահատանքի արժանացավ միջազգային հարթակներում և դարձավ երկպագուների սիրելին։
2011-ին «Լավ Էլին» կրկին վերադարձավ երաժշտական ասպարեզ նոր կազմով․ Մհեր Մանուկյան, Բագրատ Ազնաուրյան (կիթառ, օժանդակ վոկալ), Տիգրան Ոսկանյան (բաս), Շողեր Մանուկյան (թավջութակ)։ «Լավ Էլի»-ն ստուդիա վերադարձավ 2018-ին և ձայնագրեց «Անձրևաշուն» ալբոմը, որը թողարկվեց թվային ֆորմատով և լայն ճանաչում գտավ հայաստանյան հասարակությունում։ Ալբոմից հետո խումբը հրապարակեց նաև «Արևին, Արևին» սինգլը՝ անիմացիոն հոլովակի տեսքով՝ Արմինե Հայրապետյանի մասնակցությամբ։
2019-ին՝ Երևանի «Այրարատ» կինոթատրոնում «Լավ Էլի» և «Բամբիռ» խմբերը համատեղ համերգ տվեցին, որը տեղական լրատվամիջոցները բնորոշեցին որպես «տարվա ռոք-համերգ»։ 2022–ին «Լավ Էլին» և «Բամբիռը» ևս մեկ անգամ համատեղ ելույթ ունեցան՝ հայկական ռոքի պատմության մեջ առաջին անգամ լցնելով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։
Խումբն ակտիվ համերգներ է տալիս և այժմ աշխատում է իր երկար սպասված հաջորդ ալբոմի վրա։
Ներկա կազմն է՝ Մհեր Մանուկյան (կիթառ/վոկալ), Գոռ Մխիթարյան (կիթառ/վոկալ) Գոռ Թադևոսյան (էլեկտրոկիթառ, բեք-վոկալ), Տիգրան Ոսկանյան (բաս կիթառ), Նարեկ Թովմասյան (թմբուկ) և Շողեր Մանուկյան (թավջութակ)։
«Իրենց առաջին ելույթից քսանհինգ տարի անց «Լավ Էլին» շարունակում է հարուստ հայկական ժողովրդական ռոք երաժշտական ժառանգությունը՝ ի ուրախություն ունկնդիրների երեք սերունդների»։ – Րաֆֆի Մենեշյան, «Pomegranate Music»-ի հիմնադիր, «The Recording Academy»–ից «Գրեմմի» մրցանակաբաշխության պաշտոնական քվեարկող, «Global Rhythm» ամսագրի թղթակից։
«Արդեն 25 տարի է՝ իրենց վերելքներով ու վայրէջքներով, երկար լռություններով ու խենթ համերգներով, իրենց հին ու լավ կամ նոր ու արդեն իսկ սիրված երգերով, «Լավ Էլին» մնում է տեղական ռոքի ռահվիրաներից մեկը։ Նրանց միակ գաղտնիքն այն է, որ նրանք սիրված են»։ – Լուսինե Ջալալյան, VNEWS Culture
Հոդվածը՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879
Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879