Հունգարիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները այցելեցին Հայաստան

Հունգարիայի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները այցելեցին Հայաստան

Մայիսի 11-ից 15-ը Հունգարիայի տասներեք ազգային փոքրամասնություններից ութի (հունական, սերբական, սլովակական, լեհական, խորվաթական, բուլղարական և հայկական) ներկայացուցիչները այցելեցին Երևան: Սա առաջին նմանատիպ՝ բացառապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունն էր, որը այցելեց Հայաստան՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնումից հետո։

Պաշտոնական հանդիպումների ընթացքում պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահն արձանագրել է, որ Հայաստանի եւ Հունգարիայի հարաբերությունների ամրապնդումը կարեւոր նպատակ է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում: Նշելով, որ մոտ ապագայում Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը՝ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ Հունգարիան եւս ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն կհիմնի Երեւանում:

Ընդգծվել է երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան, փոխշահավետ համագործակցության տեսանկյունից՝ խորհրդարանական դիվանագիտության ներուժի արդյունավետ օգտագործումը: Այս համատեքստում ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ստեղծումը:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի 4 ամենամեծ ազգային փոքրամասնություններն իրենց ներկայացուցիչներն ունեն Ազգային ժողովում, ինչը նրանց հուզող համայնքային խնդիրները բարձրացնելու եւ լուծելու հնարավորություն է տալիս:

«Վստահ եմ, որ համատեղ պատմության, քրիստոնեական արժեքների եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի հիման վրա մենք կարող ենք ավելի խոր ուսումնասիրել ու իրացնել քաղաքական երկխոսության, տնտեսական եւ էներգետիկ ոլորտներում առկա ներուժը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում»,- փաստել է Հակոբ Արշակյանը:

Հունգարիայի խորհրդարանի հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը կոչ արեց, որ հայ-հունգարական համատեղ տնտեսական հանձնաժողովի հունգարացի ղեկավարի նշանակումից հետո հնարավորինս շուտ նշանակվի նաև հանձնաժողովի հայ ղեկավարը, որպեսզի հարաբերությունները կարողանան ավելի զարգանալ:

Պատվիրակությունը նաև հանդիպեց Հայաստան-Հունգարիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների, ինչպես նաև Հայաստանի երկու խոշորագույն ազգային փոքրամասնությունների՝ ռուսական և եզդիական համայնքների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումները հնարավորություն տվեցին ծանոթանալ երկու երկրներում փոքրամասնությունների համայնքների իրավական կարգավիճակին, քննարկել փոքրամասնությունների իրավունքների ամրապնդումը և էթնիկ խմբերի միջև համագործակցության հնարավոր ուղիներ գտնելը: Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ երկու ազգերի փոքրամասնությունների համայնքների միջև կարող են հաստատվել ակտիվ հարաբերություններ:

Այցի շրջանակներում պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց Երևանի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով այս ողբերգական պատմական իրադարձության անմեղ զոհերին:

Այս կարճատև այցի կաևոր և նախատեսված կանգառներից մեկը Էջմիածինն էր՝ Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր կենտրոնը։ Քրիստոնեական հավատը բոլոր ազգային համայնքների պատմական զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է, և այս վայրի այցելությունը մեծ նշանակություն ուներ։ Էջմիածնում պատվիրակությանը ընդունեց Նաթան արքեպիսկոպոսը՝ Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրենը։

Հայաստանի հարուստ հոգևոր և մշակութային ժառանգության հետ ծանոթանալով՝ պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան այցելելու և ուսումնասիրելու երկրի ամենահին և կարևոր վանական համալիրները։

Այս այցը կարևոր քայլ էր երկկողմ համագործակցության ամրապնդման, միջխորհրդարանական հարաբերությունների ձևավորման և մշակույթների միջև երկխոսության խթանման ուղղությամբ։

 

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879