ՀԱՒՔ պաարային խումբը Վեսպրեմում

ՀԱՒՔ պաարային խումբը Վեսպրեմում

Մայիսի 10-ին Վեսպրեմ քաղաքում ՀԱՒՔ պարային խումբը ելույթ  ունեցավ «Գիզելլայի օրեր»-ի կապակցությամբ։ Ամեն տարի մայիս ամսին նշվում է թագուհի Գիզելլային՝ Իշտվան I թագավորի կնոջը, նվիրված օրեր Վեսպրեմ քաղաքում։ Վեսպրեմը նաև հայտնի է որպես «Թագուհիների քաղաք»։ «Գիզելլայի օրեր»-ին մի շարք միջոցառումներ են լինում Վեսպրեմ քաղաքի տարբեր մասերում և այս տարի ՀԱՒՔ պարային խումբը նույնպես մի մասն էր այդ միջոցառումների։

Պարային խումբը ներկայացրեց՝ «Շավալի», «Խոշ բիլազիգ», «Մածուն եմ մերել», «Թաշկինակներով պար», «Իշխանաց պար» և «Կարնո քոչարի»։ Ելույթը հայկական «Արարատ» հուշարձանի մոտ գտնվող բեմում էր։

ՀԱՒՔ պարային խումբը ձևավորվել է 2024 թ․-ի մարտ ամսին՝ Բուդապեշտում բնակվող մի խումբ հայ երիտասարդների նախաձեռնությամբ և Սիմա Օհանյանի գլխավորությամբ։ Սկզբում խմբի նպատակը միայն պարուսուցումներն էին, սակայն այնուհետև դասերի մասնակիցներից ձևավորվեց պրոֆեսիոնալ պարի խումբ։ Այժմ խումբը զբաղվում է հայկական ազգային մշակույթի ներկայացմամբ և տարածմամբ՝ Հունգարիայում և նրա սահմաններից դուրս։ ՀԱՒՔ-ի հիմնական անդամները Բուդապեշտում բնակվող հայ ուսանողներն են։ 2024 թվականի աշնանը ձևավորվել է նաև ՀԱՒՔ երգչախումբը, որը ևս զբաղվում է հայկական ազգային և հոգևոր երգերի կատարմամբ և տարածմամբ։

ՀԱՒՔ խումբը  մասնակցել է մի շարք միջոցարումների՝ կազմնավորվելուց անմիջապես հետո։ Առաջին ելույթը տեղի է ունեցել Բուդապեշտի 18-րդ թաղամասում՝ Հայ ընտանիքի և երեխաների օրվան նվիրված միջոցառմանը։ 2024 թվականի սեպտեմբերին Տրանսիլվանիայի Գեորգենի քաղաքի հայ համայնքի հրավերով խումբն ունեցավ իր առաջին ելույթը Հունգարիայից դուրս։ 2024 թ․-ի Նոյեմբերի 22-ին K11 մշակութային տանը տեղի է ունեցել ՀԱՒՔ պարային խմբի և երգչախմբի համերգը՝ նվիրված Կոմիտասի 155 ամյակին։ ՀԱՒՔ պարային խումբը հանդես է եկել 2025 թ․-ի մարտի 25-ին Հունգարիայի Ազգային թատրոնում  կազմակերպված «Մուսա Դագ» ներկայացմանը՝ Հայոց ցեղասպանության 110 ամյակին նվիրված։ Բացի իր հիմնական ելույթներից, խումբը մասնակցում է նաև հայկական եկեղեցական տոների նշմանը, կազմակերպում է պարուսուցումներ և ունենում ելույթներ հայկական միջոցառումների ժամանակ:

 

Հոդվածը՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց՝ Ֆլորա Համբարձումյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879