Սևանը և Բալատոնալմադին՝ պաշտոնապես քույր քաղաքներ

Սևանը և Բալատոնալմադին՝ պաշտոնապես քույր քաղաքներ

Փետրվարի 26-ին Հունգարիայի Բալատոնալմադի քաղաքում ստորագրվեց Սևան-Բալատոնալմադի քույր քաղաքներ դառնալու հուշագիրը՝ սկզբնավորելով երկու քաղաքների միջև մշակութային և տնտեսական համագործակցությունը։

Հուշագիրը ստորագրեցին Բալատոնալմադի քաղաքապետ Լասլո Բերչենյին և Գեղարքունիք մարզի Սևան համայնքի ղեկավարի տեղակալ Արման Հարությունյանը։ Հանդիպմանը ներկա էին Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայ ինքնավարության խոսնակ Նիկողոս Ակոպյանը, Հունգարիայի Հայ ինքնավարության նախագահ Ցարան Իշտվանը, ՀՀ պատվավոր հյուպատոս դոկտոր Ապկարովիչ Գեզան։ Կողմերը քննարկեցին ստորագրված հուշագրի հիման վրա Սևան և Բալատոնալմադի քաղաքների միջև համագործակցության վերաբերյալ հարցերի լայն շրջանակ։

Պատահական չէ, որ հուշագիրը ստորագրվեց հենց այս երկու քաղաքների միջև։ Դեռևս ամիսներ առաջ Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Բալատոնալմադի քաղաքապետ Լասլո Բերչեյնիի հանդիպման ընթացքում քննարկվել էին Սևան քաղաքի հետ համագործակցության հաստատման հնարավորությունները՝ հաշվի առնելով երկու քաղաքների աշխարհագրական դիրքը և առանձնահատկությունները: Բալատոնալմադին՝ գտնվելով Բալատոն լճի ափին, իր աշխարհագրական առանձնահատկություններով նման է Սևան քաղաքին, որը նույնպես գտնվում է համանուն լճի ափին։

Այս հուշագրի ստորագրումը նշանակալից դեպք է՝ հանդիսանալով առաջինը Հայաստանի և Հունգարիայի զարգացող հարաբերությունների մեջ։

 

Հոդվածը՝ Շողեր Մանուկյան,  2024-1-HU01-ESC51-VTJ-000207879

Լուսանկարները հրապարակեց ՝ Շողեր Մանուկյան, 2024-1-HU01-ESC51-VTJ-000207879