Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո

Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո
Ապրիլի 22-ին Բուդապեշտի Պետեր Պազմանի անվան համալսարանում տեղի ունեցավ հուշ-երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունգարիայում ՀՀ դեսպանության, Պետեր Պազմանի անվան համալսարանի և Հունգարիայի հայկական ինքնավարության կողմից։
Հուշ-երեկոյին մասնակցում էին Հունգարիայի պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ և Ազգային ժողովի պատգամավորներ, Հունգարիայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հունգարիայի գիտական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։
Հյուրերին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկավ համալսարանի պրոռեկտոր Վինչզե Քրիշտիանը (Vincze Krisztián), ելույթներ ունեցան Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Հունգարիայի հայկական ինքնավարության նախագահ դոկտոր Չարան Իշտվանը (Czárán István), որից հետո գերմանացի պատմաբան Միխայել Հեզեմանը (Michael Hesemann) հանդես եկավ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Վատիկանի արխիվներում պահվող նյութերի թեմայով բանախոսությամբ։
Իր խոսքում ՀՀ դեսպանը, ոգեկոչելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը, ընդգծեց պատմական փաստերի ճանաչման և դրանց հետ առերեսման նշանակությունը՝ ապագայում ցեղասպանությունների և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների կանխման և խաղաղ ու փոխվստահության վրա հիմնված համատեղ ապագայի կառուցման համար։
Երեկոյի ընթացքում երաժշտական կատարումներով հանդես եկավ Վիեննայից հրավիրված քառյակը՝ սոպրանո Թեհմինե Շեֆերի (Tehmine Schaeffer) գլխավորությամբ։

Հոդվածը՝ Գրիգոր Մուրադյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422

Լուսանկարները հրապարակեց՝ Սյուզաննա Հակոբյան 2023-1-HU01-ESC51-VTJ-000146422