- Hírek
- No Comment
Հունգարիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի հարցազրույցը հունգարական Դեմոկրատա պարբերականին
– Ո՞րն էր Բուդապեշտ այցելության Ձեր նպատակը․
Այցի ընթացքում մի շարք հանդիպումներ եմ ունեցել Հունգարիայի տարբեր գերատեսչություններում՝ վարչապետի աշխատակազմում՝ աշխատակազմի ղեկավար նախարար Գերգեյ Գույաշի հետ, Պաշտպանության, Արտաքին գործերի և առևտրի, Մշակույթի և նորարարության նախարարություններում։ Ընդհանուր առմամբ այցը գնահատում եմ շատ դրական, հնարավորություն եղավ հունգարացի պաշտոնյաների հետ խոսել մեր առաջիկա անելիքների մասին՝ ուղղված մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։
– Այժմ ինչպե՞ս եք տեսնում հայ-հունգարական հարաբերությունները:
Շուրջ մեկ տասնամյակ դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո մեր երկկողմ հարաբերություններում առաջացել է որոշակի բնական բաց, սակայն միաժամանակ այսօր նկատելի է երկկողմ պատրաստակամություն և ձգտում՝ այդ բացը հնարավորինս արագ կոնկրետ բովանդակությամբ լրացնելու համար։
Ընթացիկ տարվա մայիսին Հայաստան էր այցելել Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեմյենի գլխավորած պատվիրակությունը։ Նա հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ։ Այսօրինակ բարձրաստիճան այցերը կարևոր են տարբեր ոլորտներում անելիքների նախանշման համար։
Դիտարկվում են նաև երկու երկրների ԱԳ նախարարների փոխայցերի, ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, որոնք իրենց հերթին շատ կարևոր են առողջ և շարունակական քաղաքական երկխոսության ապահովման տեսանկյունից։
– Ի՞նչ հնարավորություններ է ընձեռում դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը երկու երկրներին։
Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ համագործակցության հնարավորությունները ներառում են տարբեր ոլորտներ, որոնք արձանագրվել են նախորդ տարվա դեկտեմբերին երկու երկրների ԱԳ նախարարների հայտարարություններով։ Երկու երկրների հարաբերություններն իրենց մեջ ներառում են քաղաքական, տնտեսական, գիտակրթական և մշակութային ոլորտները։ Եվ սա միայն գլխավոր ուղղություններն են, որոնց ուղղությամբ արդեն իսկ նախանշվել են որոշակի պայմանավորվածություններ։
Որպես կարևոր և ցանկալի քայլ կառանձնացնեի հունգարական Wizz Air ընկերության կողմից Հունգարիայից դեպի Հայաստան ուղիղ չվերթներ մեկնարկելու հնարավորությունը, ինչը հիմք կհանդիսանա զբոսաշրջության և միջհասարակական շփումների ակտիվացման համար։
Լիահույս եմ, որ Հունգարիկում ծրագիրը տեսանելի ապագայում կսկսի գործել Հայաստանում, և շուտով հայ ուսանողները հնարավորություն կունենան այս ծրագրի շրջանակներում կրթություն ստանալ նաև Հունգարիայում։
– Ի՞նչ ազդեցություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի տնտեսական զարգացման վրա։
Կարծում եմ՝ այդ պատերազմը աշխարհում գրեթե բոլոր երկրների տնտեսությունների զարգացման վրա իր ազդեցությունն ունի։ Այդ ազդեցությունը չի սահմափակվում միայն տնտեսական բաղադրիչով, այլ նաև քաղաքական և անվտանգային։
Հայաստանը ամեն ջանք գործադրում է մեր տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու համար։ Սակայն ցանկացած երկու երկրների միջև հարաբերությունները չեն կարող կարգավորվել միակողմանի քայլերով։ Այսօր, երբ մենք տեսնում ենք, թե ինչ ծայրահեղ հումանիտար վիճակում են գտնվում Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները, որոնց կյանքի միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը ամիսներով ապօրինաբար արգելափակվել է Ադրբեջանի կողմից, առավել ևս կարևորում ենք խաղաղ և կայուն մթնոլորտի ձևավորումը։
Կարծում եմ՝ Հունգարիան, հարուստ լինելով ինչպես Հունգարիայում բնակվող և սահմանադրորեն բացառիկ կարգավիճակով օժտված տարբեր ազգային փոքրամասնություններով, այնպես էլ արտերկրում բնակվող սեփական սփյուռքով, շատ լավ կհասկանա մեր ցասումը և խորը մտահոգությունը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայիս ծանր վիճակի և նրանց իրավունքների ու անվտանգության երաշխավորման անհրաժեշտության հետ։
Հարցազրույցի օրիգինալ տարբերակը՝ https://demokrata.hu/vilag/kolcsonos-szandek-a-kapcsolatok-elmelyitesere-714429/
Հոդվածը՝ Լալա Հայրապետյան և Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)