Երևան-Ստամբուլ-Երևան չվերթի վերաբացումը կվերականգնի կապը պոլսահայ համայնքի հետ. Արամ Անանյան

 

Երկարատև դադարից հետո Երևան-Ստամբուլ-Երևան  չվերթի վերաբացումը  տրանսպորտային և գործարար նշանակությունից բացի առանձնապես  կարևոր է նրանով, որ վերականգնվում է  պոլսահայ համայնքի կապը Մայր հայրենիքի հետ:

Այս մասին ասաց  Flyone Armenia  ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Այս օրերին  բազմաթիվ զանգեր ենք ստացել Թուրքիայի հայ համայնքից: Նրանք  չվերթի  բացումը մեծապես կարևորում ու արժևորում են»,- ասաց Անանյանը:

Հունվարի 12-ին հայտնի է դարձել, որ հայկական «Flyone Armenia» ավիաընկերությունը Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ: Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին:

Ավելի վաղ «Flyone Armenia» ավիաընկերության խորհրդից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ Հայաստանի Հանրապետության ավիացիոն իշխանությունները թույլատրել են «Flyone Armenia» ընկերությանն իրականացնել չարտերային չվերթներ Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով: «Flyone Armenia» ընկերությունը դիմել էր թե՛ Հայաստանի, թե՛ Թուրքիայի ավիացիոն իշխանություններին Երևան-Ստամբուլ-Երևան երթուղով չարտերային չվերթներ իրականացնելու խնդրանքով, իսկ դեկտեմբերի 16-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Անկարան դիտարկում է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման վերաբերյալ թուրքական և հայկական ավիաընկերությունների հայտերը: Դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ ըստ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հայտարարության՝ թուրքական բյուջետային «Պեգասուս» ավիաընկերությունը պատրաստվում է թռիչքներ իրականացնել դեպի Երևան:

Cikkhez anyagot gyűjtötte: Syuzanna Vardumyan (2021-1-HU01-ESC51-VTJ-000037465)