ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի հայտարարությունը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսին
💬 «Բարև ձեզ,
Հարգելի՛ պարոն նախարար,
Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում` Երևանում։ Որպես շարունակություն նախորդ տարի Լեհաստանում մեր հանդիպման և ձեռքբերված պայմանավորվածությունների՝ սա Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն՝ մեր հարաբերությունների վերականգնումից հետո, երկարատև ընդմիջումից հետո: Ես հավատացած եմ, որ փոխադարձ այցելություններն իսկապես նպաստում են հարաբերությունների զարգացմանը և ուզում եմ հիշատակել նաև Հունգարիայի փոխվարչապետի այցելությունը Հայաստանի Հանրապետություն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների մեր նախարարի այցելությունը Հունգարիա, այժմ Ձեր այցելությունը Հայաստան: Պետք է ասեմ, որ աշխատանքներ են տարվում նոր փոխադարձ այցելություններ կազմակերպելու ուղղությամբ:
(…)
Կարևոր եմ համարում երկու երկրների խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը և նրանց հետագա հարաբերություններն ու գործընկերությունը: Կարծում եմ, որ այս ամենը, նաև միջխորհրդարանական համագործակցությունը, հիմք կդառնա ինչպես երկկողմ հարաբերությունների հետագա բարելավման համար, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում համագործակցության համար:
Իհարկե, կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում Հունգարիայում պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված հայ համայնքի գոյությունը և Հունգարիայի կառավարության հոգածությունը հայ համայնքի նկատմամբ: Եվ դրա վառ օրինակներից է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացումը:
(…)
Ձեր այցը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ մենք կարող ենք խոսել, ինչպես նշեցի, առկա հնարավորություններից, բայց և պետք է կարողանանք համարժեք գնահատել տարածաշրջանային ընդհանուր զարգացումները, որոնք իրենց հերթին էական ազդեցություն ունեն տարածաշրջանի անվտանգային իրադրության և կայունության վրա։
Վստահ եմ, որ Հունգարիան, նաև որպես ԵՄ անդամ երկիր, քաջատեղյակ է բոլոր զարգացումներին: Կընդգծեմ, որ Հարավային Կովկասում երկարատև և մեր ժողովրդի համար արժանապատիվ խաղաղության համար կենսական է ապահովել ուժի կիրառման և այլատյաց քաղաքականության բացառում, քանզի մենք արդեն ականատես ենք եղել դրա դրսևորումներին, որոնց մասին բազմիցս ենք ահազանգել: Ընդամենը մեկ ամիս առաջ Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ավարտին հասցվեց էթնիկ զտման քաղաքականությունը, և ավելի քան 100.000 հայեր ստիպված եղան իրենց կյանքը փրկելու համար փախչել, բռնի տեղահանվեցին Լեռնային Ղարաբաղից, լքեցին իրենց պատմական հայրենիքը և այժմ որպես փախստական ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում:
(…)
Փոխվստահության մթնոլորտի ձևավորման հնարավորության ստեղծման համար, իհարկե, կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հասցեագրումը և նաև Լեռնային Ղարաբաղում թողնված հարուստ հայկական ժառանգության պահպանման հարցի հասցեագրումը: …»

Հոդվածը՝ Լալա Հայրապետյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)

Լուսանկարները՝ Տաթևիկ Մուրադյան (2022-1-HU01-ESC51-VTJ-000080624)